Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի մասնակիցների
Հայտնի է, որ մերօրյա աշխարհում ամենաազդեցիկ քարոզչամիջոցը հեռուստատեսությունն է: Հայության այսօրվա սփռվածության պայմաններում, երբ մեր ժողովրդի մեծ մասն ապրում է սփյուռքում և շատ համայնքներ չունեն դպրոցներ, հեռուստատեսությունը կարող է և պետք է ծառայի իբրև համահայկական կրթամիջոց:
Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի մասնակիցներս մեր վրդովմունքն ենք հայտնում այն տխուր փաստի առթիվ, որ արբանյակային հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաալիքների ծրագրերը չեն նպաստում հայկական քաղաքակրթական արժեքների քարոզչությանը: Ավելին, անճաշակ և խիստ ցածրորակ հաղորդումները վնասակար ազդեցություն են գործում օտար երկրներում մեծացող հայ մանուկների և պատանիների ձևավորվող ազգային ինքնագիտակցության վրա:
Ուստի առաջարկում ենք ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանը և այլ պատկան մարմիններին քննարկել այս կարևոր խնդիրը և արբանյակային հեռարձակման նախապայման դարձնել հայկական քաղաքակրթական արժեքների քարոզչությունը: Խստորեն պետք է արգելվեն հայկական ազգային արժեքները նսեմացնող, հայոց լեզվի խեղաթյուրմամբ հեռարձակվող, անհասկանալի նպատակներ հետապնդող հաղորդումներն ու սերիալները:
Փոխարենը պետք է ավելի մեծ տեղ տալ հայագիտական, հայրենագիտական, մանկապատանեկան բնույթի հաղորդումներին, որոնք կնպաստեն աշխարհասփյուռ հայության ազգապահպանմանը:
Հնարավորության դեպքում խնդրում ենք քննարկել նաև օտար լեզուներով հեռուստաալիք(ներ)ի ստեղծման խնդիրը` նպատակ ունենալով հայկական շահերը ներկայացնել և՛ օտարազգիներին, և՛ ոչ հայախոս մեր ազգակիցներին: Առաջնահերթ պետք է համարել այն լեզուներով հաղորդումները, որոնցով աշխարհում խոսում են կես միլիոն և ավելի հայազգիներ, այդ թվում` իսլամադավան (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, քրդերեն): Հնարավորության դեպքում կարելի է քննարկել նաև գերմաներենով, իսպաներենով, արաբերենով և այլ լեզուներով հաղորդումների խնդիրը:
2010թ. օգոստոսի 16
ք.Ծաղկաձոր








