Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովին մասնակցեցին Սփյուռքի 18 երկրների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 150 ներկայացուցիչ: Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման և զարգացման, կրթության և դաստիարակության հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով լիագումար նիստերում և 21 մասնախմբերում իրականացված համատեղ քննարկումների արդյունքում ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները.
- Սփյուռքում իրականացվող կրթադաստիարակչական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նպաստել տարբեր տարածաշրջանների ամենօրյա դպրոցներում հայագիտական ընդհանուր և առարկայական չափորոշիչների համադրմանը` սահմանելով սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների նվազագույն սահմանը:
- Սփյուռքահայ երիտասարդության մասնագիտական կրթության ապահովման նպատակով ընդարձակ քարոզչական աշխատանք ծավալել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության լուսաբանման ուղղությամբ, շարունակել և ընդլայնել սփյուռքահայ դիմորդների արտոնյալ պայմաններով ընդունելությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հեռավար կրթության կազմակերպման համար:
- Շարունակել Սփյուռքի մանկավարժական ներուժի վերապատրաստումը Հայաստանում և տեղերում` կարևորելով մանկավարժամեթոդական և հոգեբանական ուղղությունները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառման եղանակները` վերապատրաստման դասընթացներին մասնակից դարձնելով կրթության ոլորտի պատասխանատուներին: Հիմք դնել վերապատրաստման հեռավար ծրագրի:
- Ուսուցիչների վերապատրաստման գործընթացի շարունակականության ապահովման, ինչպես նաև տարածաշրջաններում ուսումնամեթոդական աշխատանքների համակարգված իրականացման նպատակով վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպել մեթոդիստ-ուսուցիչների պատրաստում` համապատասխան կոչումով:
- Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում իրականացնել նաև լրացուցիչ կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում:
- Շարունակել և ընդլայնել ուսումնական նյութերի հրատարակման գործընթացը, մասնավորապես քայլեր ձեռնարկել`
- մեկօրյա և ոչ հայկական դպրոցների համար լեզվական միջավայրին և մայրենի լեզվի տիրապետման տարբեր մակարդականերին համապատասխան ուսումնական համալիրների,
- արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ընդհանուր ձեռնարկի,
- ծնողների համար՝ ընտանեկան պայմաններում հայոց լեզվի ուսուցման մեթոդների ուղղությամբ ձեռնարկների և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ցուցումների,
- հայոց պատմության և մշակույթի հանրամատչելի համառոտ ձեռնարկների ստեղծման և տպագրության ողղությամբ:
- Հայաստան-Սփյուռք կրթական կապերի արդյունավետության բարձրացման նպատակով օժանդակել մանկավարժական միավորումների ստեղծմանը:
- Աշխատանք ծավալել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Սփյուռքի կրթության գործիչների և կրթօջախների պարգևատրման չափանիշների և կարգի հստակեցման ուղղությամբ` հիմք ընդունելով կրթության կազմակերպման համար տեղական պատասխանատու կառույցների միջնորդությունը` պահպանելով խրախուսման ձևերի հաջորդականությունը:
- Նպաստել կրթական ուղղվածություն ունեցող հրատարակչությունների գործունեության և հրատարակած նյութերի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:
- Քայլեր ձեռնարկել բնագիտական համահայկական օլիմպիադայի կազմակերպման ուղղությամբ:
- Աշխատանք տանել մեկօրյա դպրոցներում հայագիտական առարկաների օրինակելի ուսումնական փաթեթի ստեղծման ուղղությամբ:
2010թ. օգոստոսի 13-17
ք.Ծաղկաձոր
http://shanttv.com/am/local/news/2010_08_13/2061/4321-1.htm




















